Փայտյա կարկասով տների պատերը կազմված են կրող հենակներից, շրջակապերից, երեսապատումից, ջերմամեկուսիչ և հարդարման շերտերից: Պատի ջերմամեկուսացումը կատարվում է 1 շերտով: Որպես ջերմամեկուսիչ օգտագործվում են ППС10-Р, ППС12-Р, ППС13-Р կամ  ППС14-Р մակնիշի պենոպոլիստիրոլե սալիկներ: Պատերի կարկասը կազմված է ուղղահայաց հենակներից և հորիզոնական էլեմենտներից (վերևի և ներքևի շրջակապեր, դռների բացվածքներ, և պատուհանների վերևի միջնակապեր): Ամեն հարկի հենակ  հենվում է պատերի կարկասի ներքին շրջակապին:

Կարկասի պնդությունն ապահովվում է այն երեսապատելով ամուր սալիկներով, թերթավոր նյութերով, անկյունագծային կոշտ կապերով կամ պահանգներով: Պատի կարկասի կոնստրուկցիան գոլորշուց պաշտպանելու նպատակով սենյակի պատերը ծածկում են գոլորշամեկուսիչ թաղանթով, որը տեղադրում են ջերմապահպանիչ շերտի տակ և ամրացնում կարկասի հենակներին: Կարկասի հենակների կտրվածքն ու քայլը անհրաժեշտ է հաշվարկել`ելնելով հենակների բարձրությունից և նրանց փոխանցվող բեռի ծանրությունից: Ընդ որում պետք է հաշվի առնել փայտանյութի չափսերը ըստ ԳՕՍՏ  24454 և նրանց ամրության բնութագրերը ԿԺ 64.13330 համաձայն:

Պատի կարկասի էլեմենտները պետք է պատրաստված լինեն փշատերևային, ոչ ցածր, 2-րդ կարգի փայտանյութից, ըստ ԳՕՍՏ 8486: Բոլոր փայտյա կոնստրուկցիաները պետք է հրակայունացված և հականեխված լինեն ԿԺ գլուխ 70.13330 համաձայն:

Պատերի հենակները պետք է չընդհատվեն և պետք է լինեն ամբողջական` հարկի ողջ բարձրությամբ (բացի բացվածքների հենակներից): Շրջակապերը պատրաստվում են  40մմ ոչ պակաս հաստություն ունեցող տախտակներից: Կրող պատերի վերևի շրջակապերը պետք է ըստ բարձրության բաղկացած լինեն 2 տախտակից, ներքևի շրջակապերը` 1 տախտակից: Արտաքին պատերի ներքևի շրջակապը կարող է դուրս գալ հենակի սահմաններից իր բարձրության 1/3 չափից ոչ ավել: Կարկասի մասերի ամրացումն իրականացվում է մեխերով, ճարմանդներով կամ բութակներով: Երեսապատումն ամրացվում է կարկասին մեխերով կամ ինքնապարուրակող պտուտակներով: